Ռուբեն Վարդանյան. «Սա դեռ սկիզբն է» - Mediamax.am

14575 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Սա դեռ սկիզբն է»


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 24-ին UWC Դիլիջան քոլեջում կայացած միջոցառումից հետո IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը զրուցել է լրագրողների հետ: Ներկայացնում ենք որոշ հատվածներ Ռուբեն Վարդանյանի պատասխաններից:

 

Երջանիկ երեխաներ` դրանից ավելի լավ արդյունք չէինք կարող գրանցել UWC Դիլիջան քոլեջում այս մեկ տարվա ընթացքում: Դիլիջանի դպրոցում սովորում են 96 երեխաներ, որոնցից տասը Հայաստանից էին: 40-ից ավել երկրներից ժամանած երեխաներից շատերը հայերեն են սովորում: Սա թեեւ փոքր, բայց շատ կարեւոր նվաճումներից մեկն է:

 

Ամենակարեւոր խորհուրդը, որ տալիս եմ մեր ուսանողներին` միշտ հիշեք, որ հայ եք, բայց բաց եղեք աշխարհի համար: Կարծում եմ, նման դպրոցների ամենամեծ արժեքը հենց այն է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ սովորում են միմյանց մշակութային արժեքները՝ պահպանելով սեփական ինքնությունը:

 

Մեկ տարի առաջ ամեն ինչ ավելի բարդ էր. ոչ ոք չգիտեր, թե սա ի՞նչ դպրոց է, որտե՞ղ է գտնվում, ինչ կրթություն է առաջարկում: Հիմա սոցիալական կայքերում մեր աշակերտները պատմում են դպրոցի, իրենց ստացած փորձի մասին ու մյուս երեխաներին շատ ավելի հեշտ է Հայաստան գալու որոշում կայացնել: Անցյալ տարի Դիլիջանի դպրոցում կրթություն ստանալը երազանք էր, հիմա այն արդեն ավելի շոշափելի է:

 

Երեխաները որոշել են քաղաքը մաքուր պահել: Մեր քոլեջի ու Դիլիջանի այլ դպրոցների աշակերտները քաղաքը բաժանել են մասերի ու պատասխանատվություն ստանձնել տարբեր տարածքների համար: Սա արդեն մեծ հաղթանակ է՝ երեխաները հասկացել են, սա իրենց քաղաքն է ու հենց իրենք պիտի հոգ տանեն նրա մասին:

 

Ինձ իսկապես զարմացրել ու հիացրել են երեխաները: Պարզ, փայլուն, «աչքերը բաց» աշակերտներ ունենք: Նրանք 16-17 տարեկան են, բայց, հավատացեք, շատ հասուն մարդիկ են ու այլ կերպ են նայում աշխարհին: Չէի պատկերացնում, որ նման երեխաներ կան:

 

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ վերաբերվում այն փաստին, որ երիտասարդները մեկնում են արտերկիր՝ սովորելու համար: Ես 17 տարեկանում հեռացել եմ Հայաստանից ու շարունակել եմ կրթությունս ու գործունեությունս Ռուսաստանում: Կարեւորն այն է, որ հաջողության հասնելով, չմոռանաս, որ հայ ես: Մյուս կողմից, նման բան պահանջել չես կարող՝ հայ լինելու զգացողությունը կամ կա, կամ էլ չկա:

 

Այս ամենը դեռ սկիզբն է: Դպրոցը մեկ տարվա ընթացքում չի կայանում: Դիլիջանի քոլեջի առաջին ուսումնական տարին մի փոքր քայլ է, պետք է երկար ճանապարհ անցնենք:

 

100Lives ծրագրի գլխավոր նպատակը հայտնի մարդկանց ընդգրկելը չէ: Մենք ցանկանում էինք ստեղծել մի բան, որը համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառում կլինի: Հաջորդ տարվա ապրիլի 24-ին Երեւանում կկայանա «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի հանձման արարողությունը: Այն կստանան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք այսօր պայքարում են ցեղասպանությունների կամ այլ աղետների դեմ:

 

Շատ ուրախ եմ, որ բժիշկ Պատչ Ադամսն այս օրերին Հայաստանում է: Մի քիչ անհանգիստ էի, երբ նրան Հայաստան հրավիրեցի: Մարդիկ կային, որ ասում էին, թե նրա ոճը Հայաստանում չի ընդունվի, չարժե նրանց Գյումրի կամ Վանաձոր տանել: Այսօր ավելի քան երջանիկ եմ, որովհետեւ կարողացանք ցույց տալ, որ Հայաստանում ապրող մարդիկ պատրաստ են ժպտալ ու հասկանում են, թե որքան կարեւոր է այն, ինչ անում են Պատչ Ադամսն ու իր ընկերները:

 

Գրի առավ` Լենա Գեւորգյանը

Լուսանկարները`Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին