Հայաստանում սկսում են վստահել սոցհարցումներին - Mediamax.am

exclusive
3312 դիտում

Հայաստանում սկսում են վստահել սոցհարցումներին


Լուսանկարը` Tigran Ghardashyan


Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) մեկնարկում են հոդվածների շարք, որոնցում կներկայացնեն Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն նույնիսկ անսպասելի արդյունքները:

 

Շարքի առաջին հոդվածում պատմվում է սոցիոլոգիական հարցումների նկատմամբ Հայաստանի հանրության վերաբերմունքի մասին:

 

2007 թ-ին IPSC ընկերությունը հարցում անցկացրեց ամբողջ Հայաստանով մեկ, որի խնդիրներից մեկն էր պարզել՝ արդյոք ՀՀ քաղաքացիները վստահում են սոցիոլոգիական հարցումների արդյունքներին: 2600 մարդկանց շրջանում անցկացրած հարցումը ցույց տվեց, որ բնակչության միայն 9,9%-ն է միանշակորեն եւ 28,2%-ը՝ մասամբ վստահում սոցհարցումներին, մինչդեռ 33,9% մասամբ չի վստահում եւ 28%-ը՝ չի վստահում ընդհանրապես:

 

Այսպիսով, 2007 թ-ին Հայաստանի բնակչության կեսից ավելին՝ 61,9 %-ը չէր վստահում սոցհարցումներին: Սակայն, այդ հարցումների արդյունքներից անցել է արդեն 8 տարի: Արդյո՞ք ՀՀ բնակչությունը դեռեւս նույն պատկերացումներն ունի հասարակական կարծիքի ուսումնասիրության այդքան կարեւոր ինստիտուտի մասին, կամ կարեւո՞ր է այն արդյոք: Ում են պետք սոցհարցումները, եւ օգնում, թե՞ խանգարում են դրանք հասարակությանը:

 

«Ուշադրություն, խնդրում եմ», կամ հասարակության ուշադրությունը գրավելու գործիք

 

Ըստ էության, սոցհարցումները ոչ միայն ստուգում են մարդկանց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, այլեւ ստիպում նրանց մտածել այդ հարցերի մասին: Ավելին, սոցհարցումների արդյունքում որոշակի խնդիրներ առավել ընդգծված են դառնում մարդկանց շրջանում: Այդպիսով, հանրային կարծիքի ուսումնասիրությունների միջոցով մենք նաեւ տեղեկացնում ենք հանրությանը եւ նրանց ուշադրությունը սեւեռում անհետաձգելի բարեփոխումների կարիք ունեցող «սոցիալական խնդիրների» վրա:

 

«Ամեն օր հանրաքվե»՝  որոշումների կայացման համար

 

Հասարակությանը տեղեկացնելուց հետո սոցհարցումները կոչված են օգնելու մարդկանց իրենց մասնակցությունը ցուցաբերելու որոշումների կայացման բարդ գործընթացին: Ընտրություններն ու հանրաքվեները օրենքով ամրագրված որոշումների կայացման ժամանակակից մեխանիզմներից են, սակայն տեսականորեն հնարավոր չէ ամեն օր հանրաքվե անցկացնել, ուստի սոցհարցումներին վերագրվում է ամբողջ հասարակության կամ վերջինիս որեւէ հատվածի համար նախընտրելի ու ընկալելի որոշումների կայացմանը նպաստելու հանգամանքը:

 

Այսօր սպառողական ամենափոքր ապրանքները «կարվում են» սպառողների «հագով», եւ հասարակական որոշումները կայացվում են հասարակության մեծամասնությանը ցնցումներից հնարավորինս զերծ պահելու մեխանիզմով: Մասսայական հարմարվողականությո՞ւն, թե՞ դեմոկրատիա՝ ի՞նչ է իրականում նշանակում սոցհարցումների ինստիտուտը: Պատասխանը թերեւս պայմանավորված է սոցհարցումների նկատմամբ հանրային վերաբերմունքով:

 

Սոցհարցումների նկատմամբ վստահությունը աճել է

 

Ընդունված է համարել, որ սոցհարցումների ձեւավորված մշակույթ կարող է գոյություն ունենալ առնվազն որոշումների կայացման համար քիչ թե շատ ժողովրդավարական մեխանիզմներ կիրառող հասարակություններում: Պատահական չէ, որ «ոչ ժողովրդավարական» երկրներում սոցհարցումները պետք չեն ու ընդհանրապես չեն կիրառվում. այնտեղ առաջնորդը առանց սոցիոլոգիայի էլ «շատ լավ գիտի», թե ինչ է մտածում ժողովուրդը եւ ինչ է պետք անել:

 

 

Ուստի, սոցհարցումների զարգացվածության մակարդակով կարելի է չափել տվյալ հասարակությունում որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմերի գոյության կամ բացակայության հանգամանքը: Այսինքն, եթե 2007-ին հասարակության միայն 38,1%-ն էր վստահում սոցհարցումների արդյունքներին, ապա սա արդեն իսկ կարեւոր գործոն է հասկանալու՝ արդյոք այդ ժամանակահատվածում բնակչության կարծիքը հաշվի առնվել է որոշումների կայացման տարբեր գործընթացներում, թե ոչ: Իհարկե, անվստահությունը սոցհարցումների հանդեպ հնարավոր է նաեւ այլ բացատրություն ունենա, մասնավորապես՝ սոցոլոգիան Հայաստանում «չարաշահվել» է ոչ պրոֆեսիոնալների կողմից՝ այս կամ այն գործողություն «փաթեթավորելու» համար, կամ պարզապես սոցհարցումները «վատ PR»-ի շրջան են ապրել: Սակայն շտապենք տեղեկացնել, որ սոցհարցումների հանդեպ ՀՀ բնակչության վստահությունը չափվել է նաեւ 2012 եւ 2014 թթ.-ին՝ արձանագրելով խիստ հետաքրքրական արդյունքներ:

 

Այսպես, 2012-ին IPSC ընկերության անցկացված 1600 ընտրանքով հարցման արդյունքներն արձանագրեցին, որ ՀՀ բնաչության 46,3%-ը չի վստահում հարցումներին (համեմատության համար հիշենք, որ 2007-ին չէր վստահում 61,9%-ը), իսկ 53,7%-ը՝ վստահում է: Արդեն 2014 թ-ին 1600 ընտրանքով անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բնաչության 39.2%-ը չի վստահում սոցհարցումների տվյալներին, մինչդեռ 60.8 %-ը վստահում է:

 

 

Որպես ամփոփում. ուզո՞ւմ եք հասկանալ՝ որքան դեմոկրատական է որեւէ երկիր: Այդ դեպքում ստուգեք սոցհարցումների մշակույթի զարգացվածությունը եւ վստահությունը վերջինիս հանդեպ տվյալ երկրում: Հայաստանի բնաչության 60.8%-ը հստահում է սոցհարցումներին, եւ սա ակնհայտորեն առաջընթաց է 2007 թ-ի 38,1%-ի համեմատ: Բայց արդյո՞ք այս ցուցանիշը բավարար է. դատեք ինքներդ:

 

Գրիգոր Գրիգորյան, IPSC ընկերության հետազոտությունների փորձագետ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին